Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

3D-դրոշմման տեխնոլոգիան չի կարողանա լիովին փոխարինել արտադրության ավանդական եղանակներին

3D-դրոշմման տեխնոլոգիան  չի կարողանա լիովին  փոխարինել արտադրության  ավանդական եղանակներին
13.03.2015 | 02:07

Բազմամիլիոնանոց Շանհայի ամենամեծ ու ամենասուր խնդիրներից մեկը բնակարանային շինարարությունն է։ Թեև այստեղ շատ ու արագ են կառուցում, և քաղաքն առաջատարներից մեկն է շինարարության և անշարժ գույքի շուկայում կատարվող գործարքների ծավալով, այդուամենայնիվ, մեգապոլիսի արագ աճող բնակչության համար բնակարանները բացահայտորեն չեն հերիքում։ Դրանց գներն էլ, չնայած իշխանությունների ջանքերին և զսպման մի շարք ակտիվ միջոցառումներին, լրջորեն «խրտնեցնում են» (Շանհայում 1 քմ բնակմակերեսի գինը տատանվում է 5 հազարից 17 հազար դոլարի միջև, 2009 թվականից տարեկան աճը կազմում է 34,8 %, և հիմա էլ գները շարունակում են բարձրանալ, թեև դանդաղորեն)։ Հարցի հաջող լուծմանը չեն նպաստում նաև երիտասարդության շրջանում սաստկացող «ծնողներից առանձին ապրելու» միտումը և տնտեսական խոշոր կենտրոններ տեղափոխվելու՝ երիտասարդ մասնագետների և օտարերկրացիների ձգտումը։ Թեև տեղի ղեկավարությունը դոտացիոն բնակարանաշինության զարգացման ընդարձակ ծրագիր է ընդունել, իսկ քաղաքապետը խնդիր է առաջադրել տարեկան ավելի քան երկու միլիոն քմ բնակարան կառուցել, այդուամենայնիվ, այսօր Շանհայում չինացիներն իրենք արդեն ոչ թե բնակարան են գնում, այլ վարձակալում են։

Եվ ահա Շանհայի «WinSun Decoration Design Engineering» ընկերության ձեռներեց ինժեներները որոշել են հեղափոխություն կատարել բնակարանային շինարարության ասպարեզում և տներ «դրոշմել»։ Նրանք ստեղծել են նոր 3D-դրոշմիչ և 24 ժամում կառուցել են միհարկանի 10 տուն՝ յուրաքանչյուրը 200 քմ տարածքով։ Հաղորդվում է, որ այդ տեխնոլոգիայի մշակման վրա գնացել է 12 տարի և 20 մլն յուան՝ 3,2 մլն դոլար։ Ագրեգատի «քարթրիջում» օգտագործվում է ցեմենտի, մանրացված շինարարական և հանքահորային թափոնների, պողպատի և ապակեթելի արագ չորացող ջրիկ շաղախ։ Այդ «թանաքը» շերտ-շերտ լցվում է հատուկ կաղապարների մեջ, մինչև նոր տան պատերն ու տանիքը հասնեն առաջադրված հաստությանը։ Չինական 3D-դրոշմիչը տունը «դրոշմում է» մաս առ մաս, որոնք հետո, «կոնստրուկտորի» նման, հավաքվում են։ Կարելի է ստեղծել ցանկացած նախագծով տուն, և, մշակողների կարծիքով, դրանց դիզայնը հնարավորություն է տալիս հետագայում հեշտորեն անհրաժեշտ ներքին ենթակառուցվածք տեղադրել։ Նոր տեխնոլոգիայի առավելությունը նաև այն է, որ 3D-դրոշմիչի կառավարումը մեծ ջանքեր և շատ աշխատողներ չի պահանջում, այնպես որ, տների շինարարության գործը ոչ միայն արագ է ընթանում, այլև էժան է։ Ինժեներները համարում են, որ իրենց ստեղծած տները, նախ և առաջ, նախատեսված են ոչ բարձր եկամուտներ ունեցող ընտանիքների ու անհատների համար։ Դրա օգտին է խոսում այն փաստը, որ մեկ շենքի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 4800 դոլար։ Այդպիսի մի քանի տուն արդեն կառուցված է Շանհայի Ցինպուի շրջանում։ «Մեր տները կլինեն ամուր, միանգամայն անվտանգ և էկոլոգիապես մաքուր։ Մենք ծրագրում ենք զարգանալ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկաներում։ Այս տարի հույս ունենք 15 շենք կառուցելու արտասահմանում, 20-ը՝ Չինաստանում»,- ասում է կոնստրուկցիայի գյուտարար Մա Իհեն։ Նա համոզված է, որ ապագայի շինհրապարակները կլինեն շատ ավելի անաղմուկ, ավելի մաքուր և աչք շոյող, և ավելացնում, որ ինքը հույս ունի մի օր էլ երկնաքեր ու տուն «դրոշմելու» այլ մոլորակում։ Մինչդեռ, Չինաստանի Ցզյանսուի նահանգի արդյունաբերական հրապարակում արդեն ցուցադրվել են 1100 քմ ընդհանուր տարածքով եռահարկ առանձնատուն և հինգհարկանի բազմաբնակարան տուն։ Շենքերի կմախքը «դրոշմվել է» խոշոր 3D-դրոշմիչներով, իսկ ներկերը «կորզվել են» շինաղբից։
Ի դեպ, հարկ է նկատել, որ չինական ֆիրմաներն առաջինը չեն, որ «դրոշմված տներ» կառուցելու փորձ են անում։ Ամստերդամում սկսել են կառուցել 13 բնակարանից բաղկացած մի տուն, որտեղ մտադիր են «դրոշմել» նաև կահույքը, բայց հոլանդացիներն ասում են, որ դա կտևի մոտ երեք տարի։ Իսկ տների «դրոշմման» հղացումը պատկանում է Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Բերոհ Հոշնևիսին։ Հարկ է ասել, որ նրա գյուտի իմաստը «ադիտիվ գործընթացն» է՝ «շինանյութի» ավելացումը։ «Շինանյութը» շերտ առ շերտ լցնում են իրար վրա, և այստեղ գործում է դանդաղահոս «դրոշմը»։ Չինական 3D-ինդուստրիան արդեն լայնաֆորմատ արագահոս դրոշմման ճեղքում է ցուցադրում, և Չինաստանը կարող է դառնալ այդ նոր ինդուստրիայի աշխարհի ամենախոշոր շուկան և արտադրողը։
Եվ այսպես, ո՞րն է չինական «հայտնությունը»։ Սարքավորանքն իրենից ներկայացնում է ռելսերի վրա գործող մի զանգվածեղ կոնստրուկցիա՝ բաղկացած չորս 3D-դրոշմիչից, որոնցից յուրաքանչյուրի լայնությունը 10 մետր է, բարձրությունը՝ 6,6 մետր, երկարությունը՝ 152,4 մետր։ Սակայն նշվում է, որ երկարության սահմանափակում չկա։ Տները դրոշմվում են թվայնացված նախագծերով։ Կոնստրուկցիան ստեղծվել է Սուչժոու արդյունաբերական կենտրոնում, և նրանում օգտագործվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ չինական դետալներ։ Նորամուծություն է նաև այն, որ ի տարբերություն Ամստերդամի, որտեղ տունը կառուցվելու է պլաստմասսայից, «Winsun»-ն օգտագործում է էժան երկրորդային նյութեր։ Կարևոր է նաև այն, որ շինարարության վրա զբաղված աշխատուժը մեծ չի լինելու. մեկ տան վրա կաշխատի ընդամենը հինգ հոգի։ Եվ համապատասխանաբար, մեկհարկանի բնակելի տան շինարարության ինքնարժեքի խնայողությունը կազմում է 50 %, իսկ շինարարության ժամկետը կարելի է կրճատել մինչև 50-70 %-ով։ Ընդ որում, պատվիրատուն ինքը կարող է ընտրել կառույցի ոճը։ Այսպես, ընկերությունն արդեն ստացել է 10 տան պատվեր, որոնք լիովին պատճենելու են Շանհայի Պուդունի շրջանի բարձրակարգ առանձնատները։
Իսկ հիմա ամենահետաքրքրականը. Չինաստանը, լինելով արդյունաբերական խոշորագույն արտադրող, խիստ շահագրգռված է 3D-տեխնոլոգիաների զարգացմամբ։ Կանխատեսումների համաձայն, այդ ինդուստրիան շուտով կհասնի 1,65 մլրդ դոլարի, ինչը 10 անգամ բարձր է վերջին ժամանակների ցուցանիշներից։ Ստեղծվել է սննդի առաջին 3D-դրոշմիչը, որտեղ «թանաքը» սննդի բաղադրիչներով լցված պարկուճներն են, և որը հնարավորություն է տալիս «դրոշմելու» ամենաարտասավոր ձևի կերակրատեսակներ և խոհանոցային զանազան արտադրատեսակներ։ Բազմամսյա փորձարկումներից ու լրամշակումից հետո այն արդեն արտադրվում է և շուտով կսկսի «աշխատել» ռեստորաններում, հացի փռերում, հրուշակեղենի արտադրամասերում և սովորական մարդկանց խոհանոցներում։ Սարքի գինը մոտ հազար եվրո է, և արդեն պատվերներ են ստացվում տարբեր երկրներից։ Չինաստանում 3D-տեխնոլոգիաները լայնորեն օգտագործվում են նաև բժշկության մեջ։ Շանհայի ինովացիոն կենտրոնն արդեն այդ կերպ իմպլանտներ է ստեղծում, օրինակ, ստոմատոլոգիայի և օրթոպեդիայի համար։ Իսկ վիրաբույժները սկսել են եռաչափ դրոշմման տեխնոլոգիաներն օգտագործել բարդ կոտրվածքների վիրահատությունների ժամանակ. հիվանդի համար ստեղծվում է ամրությամբ բնականին չզիջող ոսկոր, և դա թույլ է տալիս կրկնապատիկ կրճատել վիրաբուժական միջամտության ժամանակը, այն դարձնել ավելի արդյունավետ։ 3D-դրոշմման տեխնոլոգիաներն ավելի ու ավելի մեծ կիրառություն են գտնում բարդ ոսկրաբանական, սրտանոթային հիվանդությունների բուժման ժամանակ։ Բացի այդ, դրանք օգտագործվում են տնային շատ մանրուքների, երաժշտական գործիքների դետալների արտադրության, ճարտարապետության, մեքենաշինության, ավտոարդյունաբերության մեջ։ Եվ, իհարկե, կոնստրուկտորական բյուրոներում։ Օրինակ, շատ ֆիրմաներում դետալների ու սարքավորումների նախատիպերի մեծ մասը նախ ստեղծվում է արագացված եռաչափ դրոշմման եղանակով։ Մոդելները թույլ են տալիս մեծ ճշգրտությամբ վերացնել թերությունները, փոփոխություններ կատարել, ապա նորից դրոշմել։ Գործընթացի ինքնարժեքն ընդամենը մի քանի յուան է, և որոշ դեպքերում հաջողվում է փորձարարական-կոնստրուկտորական բյուրոներում ծախսերը կրճատել 600-700 հազար յուանով (մոտ 80 հազար դոլար)։ Զգալիորեն կրճատվում են նաև մշակման և յուրացման ժամկետները, ինչը, իհարկե, գցում է հետագա տեխնոլոգիական առաջընթացի հիմքերը։
Մեծ ճեղքում է համարվում ՉԺՀ-ի հյուսիսարևմտյան պոլիտեխնիկական ինստիտուտի «Լազերային ադիտիվ արտադրությունը» հետազոտությունը, որի շրջանակներում մշակվել է մետաղի 3D-դրոշմման սարք՝ տիտանի, սուպերհամաձուլվածքների և չժանգոտող պողպատի օգտագործմամբ։ Բանն այն է, որ սովորաբար 3D-դրոշմիչներում մետաղը հալվում է գերհզոր լազերով, և նրա ճիշտ աշխատանքի համար պահանջվում է առանձնահատուկ թթվածնազերծ և ազոտազերծ մթնոլորտ։ Ամենուրեք այդ հարցի ավանդական լուծումն այս է՝ կառուցվում է հսկայական վակուումային խուց, որի մեջ էլ հենց լինում է դրոշմիչն ամբողջությամբ։ Չին հետազոտողները գտել են այլ եղանակ. նրանք հատուկ պաշտպանական խցի մեջ տեղավորել են ոչ թե ամբողջ դրոշմիչը, այլ միայն այն օբյեկտները, որ նա դրոշմելու է։ Նման սարքավորումը շատ կոմպակտ է, թեթև, շահագործման ու սպասարկման համար հարմար և, որ կարևոր է, թանկ չէ։ Ներկայումս այդ մշակումները լայնորեն օգտագործվում են չինական ռազմական ինքնաթիռների նախագծման և արտադրության մեջ։ Խոսքը տախտակամածային կործանիչների, ռմբակոծիչների, «անտեսանելի» օդանավերի, հինգերորդ սերնդի նորագույն կործանիչների մասին է։ 3D-տեխնոլոգիաների օգտագործման շնորհիվ չինացիներին հաջողվել է զգալիորեն թեթևացնել դետալները, և այդ դեպքում մետաղի խնայողությունը կազմել է 91,5 %։ Բացի այդ, տիտանի համաձուլվածքից «դրոշմված» կոնստրուկցիաները թույլատրվել է օգտագործել ատոմային էլեկտրակայաններում, տիեզերական հրթիռներում և արբանյակներում։ Այդ ճյուղերի համար 3D-դրոշմիչներով պատրաստված արտադրանքը, իհարկե, առանձնահատուկ խիստ թեստավորում է անցնում, և ծայրաստիճան բարձր պահանջներ են ներկայացվում սարքավորման որակին։ Այդուամենայնիվ, անցկացված փորձարկումները ցույց են տվել, որ «դրոշմված» դետալներն իրենց ավելի վատ չեն դրսևորում, քան ավանդական եղանակով արտադրվածները։ Մասնագետները համոզված են, որ այդ տեխնոլոգիայի նորույթները կիրառության մեծ հեռանկար ունեն։ Ավիացիոն նյութագիտության փորձագետ Վանգ Հուամինը պնդում է, որ Չինաստանում կան կարողություններ, որոնք թույլ են տալիս ընդամենը 55 օրում դրոշմել C-919 օդանավի դիմապակու շրջանակ՝ 200 հազար դոլարից էլ պակաս արժեքով։ Մինչդեռ, համեմատության համար ասենք, ինքնաթիռների եվրոպական արտադրողներն ավանդական եղանակով ծախսում են առնվազն երկու տարի և 2 մլն դոլար են պահանջում նույն խնդրի լուծման համար։
Հարկ է, անշուշտ, նկատել, որ չնայած ձեռք բերված հաջողություններին, չին մասնագետները խոստովանում են, որ մոտ ապագայում 3D-դրոշմման տեխնոլոգիան չի կարողանա լիովին փոխարինել արտադրության ավանդական եղանակներին։ Այն շատ հարմար է բարձրտեխնոլոգիական սարքավորումների թանկ բաղադրատարրերի պատրաստման համար, բայց զանգվածային էժան արտադրության համար հսկայական 3D-դրոշմիչները պիտանի չեն։ Այդուամենայնիվ, փորձագետները կարծում են, որ այդ տեխնոլոգիաների շնորհիվ տեղի կունենա երրորդ արդյունաբերական հեղափոխությունը և, գլխավորը, դրանց օգտագործմամբ խոշորամասշտաբ արտադրության նախկին մոդելը կվերածվի անհատական արտադրության ինովացիոն մոդելի։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 18428

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ